Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցչին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցչին
05.06.2015 | 17:25

Հունիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի` ուխտագնացությունների հարցով ներկայացուցիչ Սեյեդ Ալի Ղազի Ասգյարին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի: Ողջունելով Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցչի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների պատմական կապերին` մասնավորապես ընդգծելով հարևան երկրների միջև ձևավորված բարեկամության ու փոխհարաբերությունների առավել ամրապնդման անհրաժեշտությունը: Նորին Սրբությունը գնահատանքով խոսեց նաև մշակութային և հոգևոր կրթական ծրագրերի իրականացման գործում Մայր Աթոռի և ԻԻՀ դեսպանատան միջև առկա սերտ համագործակցության մասին: Իր հերթին Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը հանդիպման համար և փաստեց, որ երկու երկրների միջև կրոնական, քաղաքական և տնտեսական ոլորտներում առկա են ջերմ ու օրինակելի հարաբերություններ, որոնք տարեց տարի առավել զարգանում են: Սեյեդ Ալի Ղազի Ասգյարը գնահատանքով նշեց նաև երկրի կյանքի տարբեր ոլորտներում Իրանի հայ համայնքի ունեցած արժեքավոր դերակատարության մասին: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը մտահոգությամբ անդրադարձան ներկայիս մարտահրավերներին` համաշխարհայնացման գործընթացին, հոգևոր-բարոյական արժեքների անկմանը, ընտանիքի պաշտպանվածության խնդրին, աշխարհում սկիզբ առած ծայրահեղական շարժումներին, որոնք իրենց կործանարար ազդեցությունն են թողնում ողջ մարդկության կյանքում: Ընդգծվեց, որ առանձին երկրներ և հոգևոր-կրոնական հաստատություններ միայնակ չեն կարող դիմագրավել մարդկային կյանքը հուզող այդ մարտահրավերներին, և կարևորվեց համատեղ ջանքերի գործադրումը` ի նպաստ տարբեր ազգերի և կրոնների ներկայացուցիչների խաղաղ ու համերաշխ համակեցության, ինչպես նաև հանդուրժողականության և համագործակցության ոգու զորացման: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:

Դիտվել է՝ 786

Մեկնաբանություններ